Տարիների փորձը ցույց է տվել, որ հիմնականում ընտրությունները կեղծվում են փոքր համայնքներում. առաջ շտաբի պետ էին դառնում ՀՀՇ-ի համար, այսօր՝ ՀՀԿ-ի: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում համայնքների խոշորացման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը:

«Եթե որոշ համայնքներում սպրդում են ոչ ՀՀԿ-ական թեկնածուներ, հետագայում դառնում են հանրապետականի «ուկլոնով» այլ կուսակցության ներկայացուցիչներ»,-ասաց նա:

Սրան արձագանքեց նախկին ՀՀՇ-ական, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը՝ նշելով. «Փոքր գյուղերի կեղծիքը շատ չի ազդում, որովհետեւ թիվը փոքր է, հետո էլ՝ ՀՀՇ-ին չեք կարողանում մոռանալ, լավ հետաքրքիր հիշողություն ունեք»:

Նա կկատեց, որ չի կարելի համայնքների հարցը քննարկել նրանց մեծ կամ փոքր լինելու տեսանկյունից. «Նույն Տաթեւը կամ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղը, սրանք փոքր գյուղեր են, բայց 1000-1500 տարվա պատմություն ունեն: Խոսքը վերաբերում է բացի խոշորացման, սովորական արհեստական ծախսերին, այլ նաեւ մշակույթին: Իմ նշած համայնքում 5-րդ դարի եկեղեցի կա: Ես առաջարկում եմ, որ պետությունը սա դիտարկի նաեւ մշակութային խնդիր եւ չխուսափի փոքր գյուղեր պահելուց, սա դպրոց պահելու պես բան է»: