Առողջարանային ուղեգրերի գործով հետաքննությունը շարունակվում է։ Գործն իրավապահների տիրույթում է, եւ  ոչ մի անմեղ մարդ չի դատապարտվի։ Այս մասին հունիսի 16-ին՝  կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նա հիշեցրել է, որ նախարարությունը ուղեգրերի իրացումներում խախտումներ էր կասկածում դեռ 2014-ին։ Երբ այդ հարցն օրակարգ եկավ,  դիմեցինք իրավապահ մարմիններին, հարուցվեց համապատասխան գործ։ Իսկ Կառավարությունը 2014–ին որոշում կայացրեց փոխել ուղեգրման ձեւը  ռիսկերը նվազեցնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գործով ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի  քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։

Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։