Վարկային համաձայնագիրը նվեր չէ Գյումրիին, սա արվում է Հանրապետության երկրորդ քաղաքը ներդրումների համար գրավիչ դարձնելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։
«Այս վարկային համաձայնագիրը շատ մեծ պատասխանատվություն է բերելու Գյումրիի քաղաքապետարանին ինչպես գյումրեցիների, այնպես էլ քաղաքական իշխանության նկատմամբ։ Սա ուղղակի նվեր չէ Գյումրիի քաղաքապետարանին։ Այստեղ դրված է լուրջ սկիզբ Գյումրիի վերանորոգման եւ բարեկարգման համար, սակայն սա աննպատակ չի արվում»,- ասաց Արտակ Զաքարյանը։
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ այս վարկային համաձայնագրով Գյումրին դարձնելու ենք առավել գրավիչ ներդրումների առումով, ապա մեծացնելու է միջքաղաքային մրցակցությունը։
«Չեմ ուզում, որ Գյումրին աստիճանաբար դառնա կայազորային քաղաք»,- խոսքը եզրափակեց Արտակ Զաքարյանը։
Հիշեցնենք, որ վարկային եւ դրամաշնորհային միջոցները նախատեսված են 16 կմ երկարությամբ փողոցների եւ մայթեզրերի վերանորոգման, ինչպես նաեւ էներգախնայող LED փողոցային լուսարձակների տեղադրման համար:
14.6 մլն եվրոյի չափով վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով՝ 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 6-ամսյա Euribor +1% դրույքաչափով:
Վարկից բացի, ծրագրի համար 7.3 մլն եվրոյի չափով ներդրումային դրամաշնորհ, ինչպես նաեւ 1.94 մլն եվրոյի չափով տեխնիկական աջակցման դրամաշնորհ կտրամադրվի: Այս գումարից փոքր մաս՝ 160 հազար եվրո, հատկացվում է փողոցային կայանումը կազմակերպելու հարցով խորհրդակցության նպատակով:



























