«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ)  եւ Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկը կազդարարվի հունիսի 17-ին՝ Երեւան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ։

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն կնշանավորվի հիմնարկեքի արարողությամբ՝ կառուցվելիք ճանապարհի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երեւան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով եւ հասցնելով մինչեւ 470 կմ-ի։

Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվել են վարկային առանձին պայմանագրեր:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի  Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի կողմից:

Հայտարարված միջազգային մրցույթների արդյունքներով՝ որպես նվազագույն գնային առաջարկ եւ տեխնիկապես բավարար գնահատված հայտ ներկայացրած կազմակերպություն, չինական Սինոհիդրո Քորփորեյշն ընկերության հետ ստորագրվել են Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների  46,2կմ ճանապարհի կառուցման կապալային համապատասխան պայմանագրեր՝ շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ներառյալ ԱԱՀ-ն:

Աշխատանքների ավարտը նախատեսված է համապատասխանաբար՝ 2018 թվականի տարեվերջին եւ 2019 թվականի տարեսկիզբին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկի հանդիսավոր արարողությանը կմասնակցեն եւ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Թիան Էրլուն, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, դոնոր ֆինանսական կառույցների (ԱԶԲ եւ ԵՆԲ) ղեկավարներ, շինարարական եւ վերահսկող կազմակերպությունների ներկայացուցիչներ: