RT -ի թղթակից Լիզզի ֆիլանին հաջողվել է գտնել թուրք բժիշկների , որոնք բուժում են Սիրիայի մարտական գործողությունների գոտուց երկրի հարավում գտնվող հոսպիտալներ տեղափոխվող ԻՊ գրոհայիններին: Ռեպորտաժ պատրաստելու ժամանակ լրագրողը հանդիպել է թուրքական ոստիկանության դիմադրությանը, դրա համար էլ ստիպված է եղել գաղտնի գործել:

RT-ին տված հարցազրույցում տեղի բժիշկների ասոցիացիայի ղեկավար Համզա Ագջան պատմել է , որ ԻՊ գրոհայիններին ու Ազատ սիրիական բանակի մարտիկներին Թուրքիայի սահման են հասցնում սովորական պիկապներով:

«Մենք բուժել ենք այդ գրոհայիններին, ու կազդուրվելուց հետո նրանք վերադառնում էին Սիրիա: Ոմանց երկու- երեք անգամ մեր հիվանդանոց են բերել: Կառավարությունը մեզ ոչ մի ցուցում չի տալիս գրոհայիններին բուժելու մասին , բայց միաժամանակ նրանց հնարավորություն է տալիս հատել սահմանը»,- պարզաբանել է Ագջան:

Ահաբեկիչներին բուժող բժիշկները հրաժարվում էին խոսել տեսախցիկի առաջ , սակայն Քիլիսից մեկ մասնագետ բանավոր հաստատել է , որ Թուրքիայի սահմանով մեծ քանակության վիրավոր գրոհայիներ են տեղափոխվում, այդ թվում ԻՊ-ից: Նաեւ բժիշկը խոստովանել է, որ ինքն ու իր գործընկերները ստիպված են եղել կյանքը վտանգել , քանի որ շատ վիրավորներ հիվանդանոց են ընդունվել՝ գրպաններում նռնակներ ու նույնիսկ մահապարտների գոտիներով: