ՀՕՊ համաձայնագիրը վաղուց էր ԱԺ օրակարգում, իսկ արտահերթ նիստի օրակարգ չի մտել, որովհետեւ կառավարության կողմից չի ներկայացվել՝ որպես արտահերթ նիստում քննարկվող խնդիր: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, «Հայաստանը եւ Ռուսաստանը միավորում են ՀՕՊ համակարգերը․ռիսկերը եւ հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Հիմա, եթե արտահերթ նիստում քննարկեինք, կասեին ՝ ուրեմն մի բան կա, բերեցին արագացված ռեժիմով արտահերթում անցկացնեն, որ ժողովովրդի ուշադրությունը շեղեն: Ոչ, նման խնդիր չկա»,-ասաց նա:

Զաքարյանի խոսքով, ՀՕՊ համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից: «Պետք է քննարկել կոնկրետ փաստաթուղթը, այլ ոչ՝ այն, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ով ինչպես իրեն պահեց: Մենք տեսանք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ունեինք մեկ հենարան, դա Հայաստանի ազգային բանակն էր: Բայց, անկախ ամեն ինչից, դրանով հայ-ռուսական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը չի դադարում, ընդհակառակը՝ մենք պետք է հասկանանք, որ մեր անվտանգային միջավայրը շարունակաբար ամրացնելու կարիք ունենք»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով, այս համաձայնագրով ոչ մի նոր բան չի ստեղծվում, գոյություն ունեցող համակարգն է՝ Հայաստանն ունի իր համակարգը, Ռուսաստանը՝ իր, սակայն կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել միայն համատեղ:

Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, Զաքարյանն ասաց, որ Ղարաբաղը այդ պայմանագրի մաս չէ, սակայն Հայաստանը համարվում է ԼՂՀ անվտանգության երաշխավորը, եւ նրա նկատմամբ ցանկացած սպառնալիքի դեպքում պայքարելու է Արցախի անվտանգության համար։

Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: