Գյումրին այն բնակավայրը չէ, որը պետք է ասոցացնել քրեական պատմությունների հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
«Կյանքն այնպես դասավորվեց, որ հետերկրաշարժյան որոշ ժամանակահատվածում Գյումրին սկսեց հիշվել, ասոցացվել տարատեսական քրեական պատմությունների, հանցագործությունների կամ դրանց վերաբերյալ հաղորդագրությունների համատեքստում։ Սա ոչ միայն անհարիր է նման քաղաքին, այլեւ անընդունելի է, որպես հակահասարակական երեւույթ։ Վերջին մի քանի տարիներին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, նաեւ քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջամտությամբ։ Այս ձեռքբերումը պետք է իր շարունակությունը ստանա»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։
Մյուս կարեւոր ձեռքբերումը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, այն է, որ Գյումրիի քաղաքապետարանում բացառված է կոռուպցիոն որեւէ վտանգ։
Անդրադառնալով վարկային համաձայնագրին՝ Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ Գյումրիում ակտիվ գործում է քաղաքացիական հասարակությունը, անկախ հեռուստաընկերություն, որոնք ուշադիր կհետեւեն, որ տրամադրվող միջոցներն արդյունավետ օգտագործվեն․ «Արդյունավետ իրականացման պարագայում Գյումրին ամբողջովին կփոխի իր դեմքն ու գյումրեցիներին եւ այցելուներին կներկայանա բարեկարգ փողոցներով, մայթերով եւ արտաքին ժամանակակից լուսավորությամբ։ Ավելորդ է ասել, որ նման ուշադրություն Գյումրիի նկատմամբ առավել քան տեղին է, ինչ որ առումով նաեւ ուշացած, քանի որ խնդիրներն այստեղ ավելի սուր են, տեսանելի եւ ընդգծված»։
Հիշեցնենք, որ վարկային եւ դրամաշնորհային միջոցները նախատեսված են 16 կմ երկարությամբ փողոցների եւ մայթեզրերի վերանորոգման, ինչպես նաեւ էներգախնայող LED փողոցային լուսարձակների տեղադրման համար:
14.6 մլն եվրոյի չափով վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով՝ 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 6-ամսյա Euribor +1% դրույքաչափով:
Վարկից բացի, ծրագրի համար 7.3 մլն եվրոյի չափով ներդրումային դրամաշնորհ, ինչպես նաեւ 1.94 մլն եվրոյի չափով տեխնիկական աջակցման դրամաշնորհ կտրամադրվի: Այս գումարից փոքր մաս՝ 160 հազար եվրո, հատկացվում է փողոցային կայանումը կազմակերպելու հարցով խորհրդակցության նպատակով:



























