Դիլիջան առողջարանային քաղաքում կարգելեն քիմիական արդյունաբերությունը: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության հունիսի 16-ի նիստի ժամանակ: Քիմիական ոլորտի թույլատրված ոլորտներից են մնալու միայն օճառի ու օծանելիքի արտադրությունները:
Որոշումն ընդունվել է, հիմք ընդունելով Դիլիջանի կարեւորությունը որպես հանգստի, կրթության ու մշակույթի կենտրոն:
Ճակատագրի հեգնանքով Դիլիջանում երբեք քիմիական արտադրություն չի եղել, նույնիսկ խորհրդային ժամանակներում: Եթե խոսենք հանրապետության մնացած տարածքի մասին, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո քիմիական արդյունաբերությունը, չսպասելով որեւէ օրենսդրական արգելքների, ինքնըստինքյան քանդվել է՝ իրացման շուկաների կորստի ու կոոպերատիվ շղթաների վերացման պատճառով:
2000-ականներին հանրապետությունում միայն երկու խոշոր քիմիական ձեռնարկություն էր գործում՝ «Նաիրիտը» ու «Վանաձոր- Քիմարտ»-ը: Երկուսն էլ դադարել են գործել 3-4 տարի առաջ, պետությունից ոչ մի աջակցություն չստանալով այդ բարդ ժամանակաշրջանում:




























