2008-2016թթ․ վարույթ է ընդունվել 8 հազար 9 հարյուր 8 սնանկության գործ։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում եւ կից օրինագծերում փոփոոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը։
«Ավարտված է 5 հազար 6 հարյուր 16 գործ։ Առողջացման ծրագիր է ներկայացրել ընդամենը 87-ը, որից 56-ն է հաստատվել դատարանի կողմից։ 2016թ․ 473 կազմակերպություն է սնանկ ճանաչվել, առողջացման ծրագիր է ներկայացրել միայն երկուսը»,- ասաց Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ այդ թիվը մտահոգիչ է։
2008-2010թթ․ կանխամտածված եւ կեղծ սնանկության վերաբերյալ 36 դատավճիռ է կայացվել, որից 28-ը մեղադրական, 8-ը՝ արդարացման։
Նշենք, որ օրինագծերի փաթեթը նախատեսում է սնանկության կամ նախասնանկության վիճակում գտնվող ձեռնարկություններին օգնել ֆինանսական առողջացում անցնել: Միաժամանակ առողջացման ծրագրերի ժամկետները կմեծացվեն 24-ից մինչեւ 72 ամիս, իսկ ֆինանսավորումը պարտապանները պետք է ներգրավեն իրենց վարկատուներից:



























