Հայտնի է, որ հունիսի 13-ից Ռուսաստանում 0.5 լիտր ծավալով օղու մեկ շշի նվազագույն մանրածախ գինն աճել է՝ հասնելով 190 ռուբլու (Հայաստանում այդ օրվա արժույթի փոխարժեքով՝ 1.400 դրամից քիչ պակաս): Համեմատության համար ներկայացնենք Երեւանում միջին մանրածախ գները: Եվ այսպես, մայիսին նույն ծավալով, այսպես կոչված, «տեղական օղու» գինը 890 դրամ էր (123 ռուբլուց պակաս): Ստացվում է, որ Հայաստանում ամենացածր գնային հատվածի օղին ավելի էժան է, քան Ռուսաստանում: Հարց է առաջանում. նվազագույն գների այս աճը կազդի՞ Ռուսաստան մեր ալկոհոլային խմիչքի արտահանման վրա:

Ռուսական շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում առաջին հերթին կոնյակ, մասամբ՝ նաեւ գինի արտադրողների համար: Նկատենք, որ Ռուսաստանում 0.5 լիտր ծավալով մեկ շիշ կոնյակի նվազագույն գինը նույնն է մնացել՝ 322 ռուբլի (2.300 դրամ):

Առեւտրային կազմակերպություններից մեկի տեղեկություններից դատելով՝ ցածր գնային հատվածում 0.5 լիտր ծավալով երեքաստղանի հայկական կոնյակն արժե 762 ռուբլի (ավելի քան 5.500 դրամ): Այսինքն՝ նվազագույն գնից ավելի քան 2 անգամ ավելի: 0.7 լիտր ծավալով ֆրանսիական «Hennessy» կոնյակն արժեք 4.900 ռուբլուց պակաս (շուրջ 35 հազար դրամ):

Ռուսաստանցի ցուցամոլի համար հատուկ ըմպելիքներ են նախատեսված՝ շարքային սպառողի համար ֆանտաստիկ գնով: Ասենք՝ ֆրանսիական 60 տարեկան «Hine» կոնյակը՝ 0.7 լիտր ծավալով շշի համար գրեթե 1.5 մլն ռուբլով: Դրամով այն հասնում է 10.5 մլն-ի, որով Երեւանում կարելի է բնակարան գնել: Եթե շուկայում նման կոնյակ կա, ուրեմն նաեւ գնորդ կա:

Համեմատության համար. «Դվին» կոնյակը Ռուսաստանի առեւտրային կազմակերպություններից մեկում առաջարկվում է 6.300 ռուբլով (46 հազար դրամից պակաս):

Ռուսաստանում հայկական կոնյակի հիմնական սպառողը միջին դասն է, որի գնողունակությունը վերջին երկու տարիներին նկատելիորեն նվազել է: Հաշվարկների համաձայն՝ Ռուսաստանում բնակչության ընդհանուր թվում միջին դասի մասնաբաժինը հասնում է 40%-ի: Գնաճի տեմպերի հետեւանքով հասարակության այս հատվածի ավելի քան մեկ հինգերորդի ֆինանսական վիճակը վատթարացել է: Դա արտահայտվում է, մասնավորապես, ընտանեկան բյուջեի կառուցվածքում սննդի ծախսերի մասնաբաժնի աճով: Այս դեպքում արդեն գործը կոնյակին չի հասնում: Այնպես որ՝ օղու նվազագույն գնի աճը հազիվ թե հանգեցնի Ռուսաստանում հայկական կոնյակի սպառման աճին:

Սմբատ Գրիգորյան