Հունիսի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Յոգեշվար Սանգվանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ դեսպան Սանգվանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Հնդկաստանի դեսպանը շեշտեց, որ իր երկիրը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ եւ համագործակցության զարգացմամբ՝ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում, եւ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի այդ նպատակներն իրագործելու համար։
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սանգվանը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային մի շարք հարցերի շուրջ, կարեւորեցին բարձրաստիճան այցերի կազմակերպումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:
Նախարար Նալբանդյանը Հնդկաստանի դեսպանին ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները եւ դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։





























