Երեւանի ՋԷԿ-ին պարտք են «Նաիրիտն ու «Վանաձոր Քիմարտը», իսկ ՋԷԿ-ը ինքը պարտք է «Գազպրոմին»: Այս մասին հունիսի 16-ին Աժ-ում ասել է Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, ներկայացնելով Համաշխարհային բանկի հետ 30 մլն դոլարի վարկային համաձայնագիրը՝ բանկերին պետական էլեկտրակայանների պարտքերի վերակազմավորման համար:
Փոխնախարարը հայտնել է, որ 2016-ի փետրվարի 1-ի դրությամբ Երեւանի ՋԷԿ-ի դեբիտորային պարտքը կազմել է 32 մլրդ դրամ ( մոտ 67 մլն դոլար- խմբ), հիմնականում էներգահամակարգից դուրս գտնվող կազմակերպություններից, այդ թվում «Նաիրիտից» ու «Վանաձոր Քիմարտից»:
Միեւնույն ժամանակ ՋԷԿ-ն ինքն էլ է պարտք: Գազի համար կայանի վարկային պարտքը «Գազպրոմ Հայաստանին» կազմել է 39 մլրդ դրամ ( մոտ 82 մլն դոլար- խմբ.): ՋԷԿ-ի մյուս վարկային պարտքերը կազմում են 6.5 մլրդ դրամ:
Համաշխարհային բանկի վարկը ուղղվելու է մասամբ Երեւանի ՋԷԿ-ի գազի պարտքերի մարմանը, մասամբ էլ՝ Երեւանի ՋԷԿ-ի ու Հայկական ԱԷԿ-ի բանկային վարկերի վերակազմավորմանը:
ՀԲ միջոցները կտրամադրվի Ռեկոնստրուկցիայի ու զարգացման միջազգային բանկի միջոցով 25 տարի ժամկետով, 14.5 տարվա արտոնյալ ժամկետով, 6-ամսյա Libor + լողացող սպրեդ դրույքով: Այս պահի դրույքը հավասար է մոտ 1.8 տոկոսի:



























