Հայաստանի ռազմագերիների պատանդների ու անհետ կորածների հարցերով հանձնաժողովում կտրականապես հերքում են ադրբեջանական կողմի ներկայացուցչի մերկապարանոց մեղադրանքները Հայաստանի իշխանությունների հասցեին՝ տվյալները թաքցնելու համար:

«Հայաստանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով հանձնաժողովի գործունեությունը թափանցիկ է: Դա կարող են հաստատել նաեւ ԿԽՄԿ-ն ու բազմաթիվ լրատվամիջոցներ: Այն միշտ ուղղված է եղել անհետ կորած համաքաղաքացիների ճակատագրերի պարզաբանմանը ու հումանիտար խնդրին վերաբերող հարցերի լուծմանը, ինչը ցավոք չես ասի Ադրբեջանի պետական հանձնաժողովի մասին, որի գործունեությունը այնպիսի տպավորություն է կարծես ուղղված է էժանագին քաղաքական փիառին, ապատեղեկատվությանն ու հայկական կողմին վարկաբեկելու փորձերին»,- հայտնել է Հանձնաժողովի աշխատախմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԱՀ գերիների, պատանդների ու անհետ կորած քաղաքացիների գործերով պետհանձնաժողովի աշխատախմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովի հայտարարությունը:

«Հասարակայնության այն մասին, որը դեռ կասկածում է այս ոլորտում հայկական կողմի պատշաճ վարքագծին, խորհուրդ ենք տալիս դիմել միջազգային իրավասու կազմակերպություններին, որոնց տրամադրության տակ, վստահ ենք, կա նրանց հետաքրքրող հարցերով ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Ստիպված եմ հերթական անգամ պաշտոնապես հայտարարել՝ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի կամ ԱՀ քաղաքացիական բնակչությունից գերի չկա:

Նաեւ օգտվելով առիթից ու հիմք ընդունելով աշխատանքային սեփական փորձը՝ այսպես կոչված «գործընկերոջս» կուզեի հետեւյալն ասել: Նախ թող վերջապես կողմնորոշվեն ԱՀ անհետ կորած քաղաքացիների քանակի հարցում, քանի որ տարբեր տարիների, տարբեր առիթներով ադրբեջանական պաշտոնատար դեմքերը բոլորովին տարբեր տվյալներ են ասել: Երկրորդ, դադարեն զբաղվել զուտ քաղաքական քարոզչությամբ ու ձգտեն սեփական ուժերի գոնե մի մասը ուղղել այն խնդիրների քննարմմանը, որոնց լուծելու համար էլ հենց ԱՀ պետհանձնաժողովը ստեղծվել է: Նաեւ չէր խանգարի մշտական միջնորդավորված հայտարարություններից բացի փորձել շփում հարթել հայկական կողմի հետ, ինչին մենք ձգտում ենք վերջին հինգ- վեց տարիներին: Սակայն, որքան էլ դա տարօրինակ չլինի Ադրբեջանի պետհանձնաժողովի ներկայացուցիչի հայտարարությունների համատեքստում, ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվում է աշխատանքային հարցերը անմիջապես հայկական կողմի հետ քննարկելուց»,- նշել է աշխատախմբի ղեկավարը:

«Ազերի փրես» գործակալության փոխանցմամբ, Մելի մեջլիսում իր ելույթի ժամանակ ադրբեջանական պետհանձնաժողովի ներկայացուցիչը հերթական մեղադրանքներն է հնչեցրել հայկական կողմի հասցեին: