Առաջիկա շաբաթվա ընթացքում համայն աշխարհի ուշադրության կենտրոնում կլինեն հայերն ու Հայաստանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջիկա այցը Հայաստան։
Նրա խոսքով, պատմական այս այցի ընթացքում մենք կունենանք բացառիկ հնարավորություն աշխարհին եւս մեկ անգամ ցույց տալու մեր հոգեւոր ու մշակութային հարստությունները, մեր երկրի, մեր ժողովրդի, մեր պատմության գանձերը:
«Ինչպես անցյալ տարվա միջոցառումների մեջ բացառիկ եղավ Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի համար մատուցված Սուրբ Պատարագը եւ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհելը, այնպես էլ այս տարվա ամենանշանակալի իրադարձությունն է լինելու Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան: Այն, ըստ էության, առանձնահատուկ է մի շարք առումներով: Նախեւառաջ Հռոմի Պապի այցը տարածաշրջանային չէ: Այն կոնկրետ նպատակային այց է Հայաստան՝ լայն ու ընդգրկուն ծրագրով: Երկրորդ՝ այցի խորհագիրն արդեն իսկ խոսում է նրա շատ կարեւոր առանձնահատության մասին. «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Երրորդ՝ ըստ իս, այն տրամաբանական շարունակությունն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում Հռոմի Սուրբ Պետրոս եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի եւ, ընդհանրապես, նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած էկումենիկ միջոցառումների»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը։
Ըստ նրա, որքան էլ այս այցը համարենք հոգեւոր, այն ըստ էության ունի նաեւ քաղաքական մեծ նշանակություն: «Բոլորիս է հայտնի կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդի ազդեցությունը աշխարհում: Այս առումով եւս մենք կունենանք բացառիկ հնարավորություն: Առաջիկա շաբաթվա ընթացքում համայն աշխարհի ուշադրության կենտրոնում կլինեն հայերն ու Հայաստանը: Պատմական այս այցի ընթացքում մենք կունենանք բացառիկ հնարավորություն աշխարհին եւս մեկ անգամ ցույց տալու մեր հոգեւոր ու մշակութային հարստությունները, մեր երկրի, մեր ժողովրդի, մեր պատմության գանձերը»,- արձանագրել է Նաղդալյանը:
Նա նաեւ կարծում է, թե Հռոմի Պապի այցը Գյումրի կթողնի իր մեծ հետքը քաղաքի կյանքում: «Հայաստանի հոգեւոր ու մշակութային ամենամեծ կենտրոններից մեկի Գյումրիի պատմության մեջ ոսկե տառերով կգրվի այս այցը եւ այնտեղ Հոգեւոր Հայրերի կողմից Սուրբ Պատարագի մատուցումը: Կարծում եմ, այն նոր լիցք կհաղորդի քաղաքի հոգեւոր եւ մշակութային կյանքին»,- ասել է նա եւ հավելել. «Սրբազան Քահանայապետի այցի ծրագրին ծանոթանալուց հետո կարելի է հպարտությամբ նշել, որ իրականացվել է հսկայածավալ նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանք: Ակնկալիքներս այս այցի շատ մեծ են եւ, համոզված եմ, որ շատ շուտով մենք կտեսնենք արդյունքները»:





























