Ալավերդիում 2010թ.-ին քարի արտադրամասում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մահացած Ռոբերտ Մոսինյանի սպանության գործով 10 տարվա ազատազրկման դատապարտված Կամո Շահվերդյանի առողջական վիճակն այս պահին բավարար է: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին NEWS.am-ին տեղեկացրին զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից: Նշենք, որ Կամո Շահվերդյանի հարազատներն ահազանգել էին, որ տղամարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրա կյանքին վտանգ է սպառնում:
Հարազատների խոսքով՝ Կամո Շահվերդյանը 2001 թվականից տառապում է միջին ծանրության շաքարային դիաբետով, տարել է սրտի կաթված, իսկ դատապարտված լինելու տարիներին երկու անգամ ստացել ուղեղի կաթված, որի հետեւանքով նրա մոտ առաջացել են հետինսուլտային կիստաներ: Հարազատները պահանջում են, որպեսզի Կամո Շահվերդյանը բուժումը շարունակի քաղաքացիական հիվանդանոցում:
NEWS.am-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ 2016 թ. մայիսի 27-ին Շահվերդյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնուհետեւ մայիսի 30-ին կրկին տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն, որոնք նշանակված են եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների կողմից: Հունիսի 6-ին կազմակերպվել է խորհրդատվություն եւ նրան կրկին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխելու որոշում է կայացվել:
Հունիսի 8-ին Կամո Շահվերդյանը գտնվել է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, որից հետո վիճակը լավացել է եւ այժմ հիվանդասենյակում է:
Կամո Շահվերդյանի հարազատների խոսքով՝ նա տառապում է ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ, կամ խառը սուր խանգարումներ հիվանդությամբ, որը պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունէ համարվում:
Նշենք, որ Կամո Շահվերդյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում չի ընդունել Ռուբերտ Մոսինյանի սպանության գործով իրեն առաջադրված մեղադրանքը:




























