Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում սպասվող Սարգսյան-Ալիեւ հանդիպումը բանակցություն չէ բուն խնդրի վերաբերյալ, դրա հիմնական նպատակը լինելու է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հնարավորությունները քննարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը:

«Դրանց իրականացման գործում պիտի փորձենք հասկանալ Ադրբեջանի դիրքորոշումը: Հույս չունենք, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում է ցուցաբերելու եւ հերթական անգամ չի խուսափելու Վիեննայում ստանձնած իր պարտավորություները կատարելուց, բայց այնուամենայնիվ Ռուսաստանի միջնորդության պարագայում, կարծում եմ, որ քննարկումները, բնականաբար պետք է լինեն միայն կայուն հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ, այսինքն, այն համաձայնագիրը, որը կնքվել է 94 թվականին, այդ համաձայնագիրը պետք է բացարձակ գործող համաձայնագիր լինի»,-ասաց Զաքարյանը:

Դիտարկմանը, թե նախորդ անգամ համաձայնություն էր ձեռք բերվել շփման գծում հետաքննության մեխանիզմներ տեղադրելու շուրջ, սակայն այդ առումով դեռեւս քայլ չի կատարվել, Զաքարյանն արձագանքեց. «Շփման գծում մեխանիզմներ տեղադրելու վերաբերյալ պետք է լինեն քննարկումներ, ինչպես նաեւ մոնիտորինգային կարողությունների ընդլայնման եւ հետաքննական մեխանիզմների տեղադրման եւ կիրառման հարցը»: