Այն հարցը, թե կշարունակվեն արդյոք Հայաստանում էլեկտրաէներգիայի սուբսիդիաները, առայժմ որոշված չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:
Սուբսիդիան հայտարարվել է մեկ տարի ժամկետով, այսինքն մինչեւ 2016-ի օգոստոսի 1-ը, երբ պետք է ուժի մեջ մտնի նոր սակագինը: Եթե այդպես է, ուրեմն երբ ապագա սակագինն արդեն պաշտոնապես հայտարարեն, կառավարությունն ամենայն հավանականությամբ կարտահայտի իր վերաբերմունքը` շարունակվեն սուբսիդիաները, թե ոչ, նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ 2015-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրականության սակագներն աճել են 6,93 դրամով: Այդ թվում` սպառողների համար 1 կՎտ/ժ- դիմաց ցերեկային սակագինը 41,85-ից աճել է մինչեւ 48,78 դրամ:
2016-ի հունիսի սկզբին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկել է սակագինը 1 կՎտ/ժ-ի դիմաց նվազեցնել 2,58 դրամով կամ 5,9 տոկոսով: Այդ թվում, սպառողների համար ցերեկային սակագին է առաջարկվել կՎտ/ժ-ի դիմաց 46,20 դրամի չափով (մոտ 9,7 ցենտ, խմբ.):
Անցյալ տարի 6,93 դրամով թանկացումը սուբսիդավորել էին կառավարությունը եւ ռուսաստանյան «Տաշիր գրուպ» հոլդինգը («Հայաստանի էլեկտրացանցերի» նոր սեփականատերը): Այժմ սակագինը կարող է նվազել 2,58 դրամով, բայց սուբսիդիա արդեն կարող է չլինել: Այդ դեպքում բնակչության համար սակագինը կբարձրանա 4,35 դրամով:
Մյուս կողմից, բիզնեսի համար սակագինն անցյալ տարի բարձրացել է ամբողջ չափով, նշանակում է` այս տարի ամեն դեպքում մի քիչ կնվազի:



























