Բավականին լուրջ թերություններով Հարկային օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը կողմ է քվեարկել` ունենալով պայմանվորվածություն, որ այս ամիսներին կշտկվեն թորությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Ախոյանը։
«Եթե չշտկվեն, աշնանը խոստանում եմ դեմ քվեարկել»,- նշել է նա: Շինարարական բիզնես գործունեությամբ զբաղվող Ախոյանը թեեւ արձանագրել է, որ հենց առաջին ընթերցմանը դրված տեսքով նախագծում առկա դրույթները այս ոլորտին էլ են վտանգավոր սպառնում, սակայն կողմ է քվեարկել: Հարցին, թե հնարավոր է` իր քվեարկության վրա ազդել է Հովիկ Աբրահամյանի հետ սերտ հարաբերությունը, հակադարձեց` ինչու միայն Հովիկ Աբրահամյանի:
«Ինչու միայն Հովիկ Աբրահամյանի, նաեւ` նախագահի, իշխանությունների, ես ոչ թաքցնելու բան ունեմ, ոչ էլ ամաչելու, ես պետականամետ մարդ եմ»: Այնուամենայնիվ Ախոյանը մանրամասնեց, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում Հարկային օրենսգիրքը. «Ես` որպես շինարար, մի քանի կետերի համադրում եմ առանձնացրել, որոնք որ բերում են կոռուպցիոն ռիսկերի եւ անհասկանալի դրույթների: Այսինքն` այդ կետերով բոլոր շինարարներ պետք է ամեն ամսվա վերջին անկախ նրանից կատարողականը անցել է, թե ոչ, անկախ նրանից պատվիրատուն ընդունել է, թե ոչ, կատարած աշխատանքի 20 տոկոսը պետք է մուծեն բյուջե, որը աբսուրդ է»։



























