Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին սպանված տաքսու վարորդ, տաքսի ծառայության տնօրեն 48-ամյա Արսեն Խանամիրյանի հարազատները վստահ են, որ սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Վահրամ Վերանյանը միայնակ չի կատարել սպանությունը։ 

«Այնքան ուժեղ էր, որ Վահիկը մենակով չէր կարա իրան սպաներ, հնարավոր բան չի։ Եթե ինքը մեքենայից հասցներ իջնել, 3 հոգին էլ իր վրա չէին կարող։ Ինքը չի հասցրել մեքենայից իջնել ուղղակի»,- NEWS.am-ին ասաց սպանվածի եղբայրը՝ Արմեն Խանամիրյանը։

Արմեն Խանամիրյանը նշեց, որ դեռ չի ծանոթացել գործի նյութերին, սակայն կուզենար տեսնել տեսանյութը եւ հասկանալ՝ ովքեր են եղել Վահրամ Վերանյանի հետ, որ դեռ ազատության մեջ են։

Նշենք, որ Արսեն Խանամիրյանը ֆուտբոլիստ էր, Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ է եղել ինչ-որ ժամանակ։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին ծեծելով սպանել են տաքսու վարորդ, 48-ամյա Արսեն Խանամիրյանին։ «Նիվայի» վարորդի ու տաքսու վարորդի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո տաքսու վարորդը դանակահարվել է, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է գիտակցության չգալով: Ավելի ուշ Երեւանի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վերանյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Նա պատմել է, որ իջնելով մեքենայից՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տաքսու վարորդ  48-ամյա Արսեն Խանամիրյանին։

Հիշեցնենք, որ ականատեսները պատմել էին, որ «Նիվայից» մի քանի անձինք են իջել, ծեծել տաքսու վարորդին, ապա դանակահարել։