ՕԵԿ-ի պահանջն այն է, որ իրականում համամասնական ընտրակարգ լինի, ոչ թե ռեյտինգային ընտրությունների քողի ներքո վերականգնվի մեծամասնական ընտրակարգը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատագամավոր Հովհաննես Մարգարյանն` անդրադառնալով 4+4+4 ձեւաչափով քննարկումների վերսկսմանը:

Նշենք, որ երեկ իշխանությունը ներկայացրել էր Ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության գալու մի համաձայնագիր, որտեղ նշված էր, որ ընդդիմության 5 պահանջներից 4-ը ընդունվել է բացի ռեյտինգային ընտրակարգը փոխելու կետից:

Մինչդեռ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ եթե իրենց պահանջը չկատարվի, իրենք կոնսենսուսի չեն գնա: Հարցին, թե ուժի մեջ է պնդումը, պատգամավորը պատասխանեց.

«Մենք առաջարկում ենք կամ պաշտպանել 100 տոկոս համամասնական ընտրակարգը կամ  համամասնությունը սահմանել 85/15.... ռեյտինգային կարգով ամեն մարզից մեկ թեկնածու լինի,  կամ ինչպես կին թեկնածուների դեպքոււմ է, լինի քվոտայով»:

Նշենք, որ այսօր երեկոյան նախատեսվում է համաձայնագրի ստորագրումը:

Հարցին` կմիանա՞ ՕԵԿ-ը, եթե ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ իրենց առաջարկը չընդունվի,  պատասխանեց. «Կոնսենսուս կլինի միայն այն դեպքում, երբ մեր կարեւորագույն առաջարկը ընդունվի...Մեզ համար անընդունելի կլինի այս օրենսգիրքը, եթե այդ առաջարկը չընդունվի»-, վստահեցրեց ՕԵԿ-ական պատգամավորը: