ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի է, որ արդեն 3 տարի անընդմեջ կառավարությունը էներգետիկ համակարգի 23 մլրդ դրամի պարտքի համար հոսանքի սակագինը բարձրացնում է, իսկ  արդյունքում ճեղքվածքը փակվելու փոխարեն մեծանում է: Այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ասել է նա:

«Կործանիչ ավիացիա չունենք, քաղաքացիական ավիացիա չունենք, տրանսպորտային ավիացիա չունենք։ Բա 26 տարվա պետությունն ինչո՞վ է զբաղված եղել, բա ի՞նչ ունենք. ունենք պարտքեր, ուրիշ ոչ մի բան: 23 միլիարդ դրամը, որի պատճառով էլեկտրաէներգիայի գինը 3 տարի անընդմեջ բարձրացել ա, որ պարտքերը փակեն, էդ ճեղքվածքը մեծացել ա, ինչպես ասում են՝ կանգնեցրեք խնդրեմ գերժամանակակից գերձայնային ֆայտոնը, այստեղ իջնող կա»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ երկրում կուտակված խնդիրները լուծելու համար երկրում ներքին կուլտուրա պետք է լինի, որը չկա. «15 տարի աչքով-ունքով ասում են՝ բա գիտե՞ք բանակի ծախսերը ոնց են հոգում, բայց շքեղություններ են իրենց թույլ տալիս, երբ դրա փոխարեն կարող էին ԶՈւ հարյուրավոր սպաների բնակարաններով ապահովել»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր իշխանության ներկայացուցիչները, օլիգարխները «Արարատի բոյին սար են  վերցրել, վրեն Արարատի բոյի տուն սարքել». «Էդ շենքերը կառուցելու  փոխարեն կարող էին հարյուրավոր զինվորականների հոգսերը հոգալ,  էս երկրում բանակի գնդապետները, փոխգնդապետները, մայորները, որ 20 տարի խրամատից տուն, տնից խրամատ են արել, տուն չունեն, պետք է պալատները չկառուցեն, այլ նրանց տուն տան: Սա թալանի հարց չէ, սա ներքին կուլտուրայի հարց ա»,-ասաց նա: