Լոռու մարզի Ալավերդի քաղաքաում այսօր գիշերը տեղացած հորդառատ անձրեւի պատճառով կաթվածահար է եղել քաղաքի երթեւեկությունը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ անանցանելի են գրեթե բոլոր փողոցները՝ թե անցորդների, թե մեքենաների համար:
Գիշերը տեղացած անձրեւը սարերից ավազահատիկները բերել լցրել է փողոցներում ու փակել սելավատար համակարգը: Այս պահին էլ անձրեւը չի դադարում եւ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ծանր տեխնիկայով փորձում են բացել ճանապարհները մաքրել աղբից ու կուտակված հսկայական հողագոյացություններից:
Նշենք, որ հունիսի 16-ից մինչեւ հունիսի 21-ը հանրապետության տարածքում գործելու է միջերկրածովյան ցիկլոնը: Ցիկլոնի հատկապես ակտիվ կլինի այսօր եւ վաղը, ինչի արդյունքում գրեթե բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, իսկ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ինտենսիվ անձրեւներ եւ կարկուտ:

































