«Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքն այսօր՝ հունիսի 16-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Արտակ Գալստյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը՝ նշելով, որ բողոքարկելու են Վճռաբեկ դատարան:

Սուսաննա Սարգսյանը նաեւ նշեց, որ Արտակ Գալստյանը, որը հունիսի 13-ից հացադուլի մեջ էր, հունիսի 15-ի երեկոյան դադարեցրել է հացադուլը: Նշենք, որ Արտակ Գալստյանը բողոքում է իրեն հատուկ խցից կլոր խուց տեղափոխելու դեմ:

Նշենք, որ Արտակ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում՝ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի շորթում) եւ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը):

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:

Նշենք, որ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կալանքի տակ է: