Երեւանի Էրեբունի փողոցում հունիսի 15-ին՝ ժամը 23:15-ի սահմանում, Էրեբունի փողոցում գործող բենզալցակայանի աշխատակցի վրա ավազակային հարձակում գործելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, հունիսի 15-ին մի անծանոթ մարդ դանակի գործադրման սպառնալիքով գազալցակայանի աշխատակցից գումար է պահանջել եւ այն հափշտակելով՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով Էրեբունի փողոցում գործող բենզալցակայանի աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, գումար է պահանջել։ Աշխատակիցը դիմակավորված երիտասարդին է փոխանցել իր մոտ առկա գումարը, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի։ Աշխատակցի բղավոցներին արձագանքել են հարակից ավտոլվացման կետի աշխատակիցները եւ միասին հետապնդել փախուստի դիմած առերեւույթ հանցագործություն կատարած անձին։ Նշված փողոցով ավտոմեքենայով երթեւեկելիս՝ ոստիկանության ավագ տեսուչը նկատել է վազող դիմակավորված տղամարդուն եւ ավտոմեքենան կայանելով՝ հետապնդել է նրան ու վնասազերծել՝ ձեռքից վերցնելով նաեւ դանակը։
Պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ է՝ ծնված 1990թ.։ Կասկածյալը ձերբակալվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, կենսաբանական եւ քրեագիտական փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




























