Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ այսօր՝ հունիսի 16-ին, իր վարած ավտոմեքենայով Դեբեդ գետն ընկած երիտասարդը Արճիս գյուղի 22-ամյա բնակիչ Արեն Մուսայելյանն է: NEWS.am-ի հետ զրույցում Արճիսի գյուղապետը նշեց, որ դեպքի պահին Արենը մեքենայում մենակ է եղել, այս պահին համագյուղացիները եւ փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում, սակայն, մթության, անձրեւի եւ վարարած գետի պատճառով, չի հաջողվում գտնել մեքենան։ «Մութ ա շատ, ոչինչ չի երեւում, Արենն էլ, հավանաբար, հենց մեքենայի մեջ է մնացել, չի հասցրել դուրս գալ մեքենայից: Արդեն հույս չկա, որ այսօր այս պայմաններում մեզ կհաջողվի գտնել նրան»,-ասաց նա:
Նշենք, որ Արեն Մուսայելյանը բանակից նոր է զորացրվել, նա ամուսնացած չէ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ այսօր՝ հունիսի 16-ին, ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը:




























