Քրեական դատավարության  մասնակից  Վարուժան Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 17-ին իր կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչն իրեն չի հարցաքննել եւ իր մասնակցությամբ քննչական գործողություններ չի կատարել:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, ինքը որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել, սակայն քրեական գործի նախաքննության ավարտից հետո, երբ ուսումնասիրել է քրեական գործի նյութերը, պարզել է, որ իր անվան դիմաց առկա ստորագրությունները կատարվել են այլ անձի կողմից: 

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի  314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Վարուժան Հ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նախաքննության ընթացքում անհապաղ իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել դատաձեռագրաբանական եւ փաստաթղթաբանական համալիր փորձաքննություններ:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վարուժան Հ.-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկելու, անձնական խուզարկության ենթարկելու, մարդու իրավունքների ու ազատությունների  սահմանափակումից բխող իրավունքների ծանուցման մասին արձանագրություններում առկա ստորագրությունները եւ ձեռագիր գրառումները կատարվել են անձամբ Վարուժան Հ.-ի կողմից:

Այս կերպ՝ քրեական դատավարության  մասնակից  Վարուժան Հ.-ն ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնի քննիչին անհիմն մեղադրել է հանցագործության կատարման մեջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել հիշյալ բաժնի քննիչի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: