Գյումրիի քաղաքային ճանապարհների բարեկարգման մասին վարկային համաձայնագիրը վավերացվեց։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրիի քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ՝ 4 եւ ձեռնպահ՝  2։

Մինչեւ քվեարկությունը ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը հայտարարեցին, որ իրենք կողմ են քվեարկելու՝ հաշվի առնելով, որ վարկը տրամադրվելու է Գյումրին բարեկարգելու համար։

Հիշեցնենք, որ վարկային եւ դրամաշնորհային միջոցները նախատեսված են 16 կմ երկարությամբ փողոցների եւ մայթեզրերի վերանորոգման, ինչպես նաեւ էներգախնայող LED փողոցային լուսարձակների տեղադրման համար:

14.6 մլն եվրոյի չափով վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով՝ 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 6-ամսյա Euribor +1% դրույքաչափով:

Վարկից բացի, ծրագրի համար 7.3 մլն եվրոյի չափով ներդրումային դրամաշնորհ, ինչպես նաեւ 1.94 մլն եվրոյի չափով տեխնիկական աջակցման դրամաշնորհ կտրամադրվի: Այս գումարից փոքր մաս՝ 160 հազար եվրո, հատկացվում է փողոցային կայանումը կազմակերպելու հարցով խորհրդակցության նպատակով: