Մարդու իրավունքների պաշտպանի գրասնեյակը մտահոգություն է հայտնում ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի վերջին հրաժեշտի արարողությանը մանկահասակ երեխաների տանելու դեպքի առթիվ:
«Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձեւով մասնակից դարձնելու փաստը: Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ»,- ասվում է ՄԻՊ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հունիսի 15-ին արտիստուհու վերջին հրաժեշտի արարողությանը մանկահասակ երեխաներին կանգնեցրել էին հենց դագաղի մոտ: Երեխաների հագուստներին ամրացրել էին Ցեղասպանության անմոռուկներ հիշեցնող ժապավեններ: Մշակույթի նախարարությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ դա եղել է երաժշտական դպրոցի տնօրենի որոշումը, նախարարությունը կապ չունի:





























