Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողով էր եկել առաջին հայկական բջջային հեռախոսով։

«Իմ ձեռքում է առաջին հայկական բջջային հեռախոսը: Կարծում եմ՝ մեզնից պետք է սկսենք առաջին հայկական ապրանքների իրացումը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Դահլիճում նստած պատգամավորները շնորհավորեցին նախարարի նոր հեռախոսը։

Նշենք, որ այս հեռախոսի վերաբերյալ բուռն քննարկումներ եղան համացանցում։

Հիշեցնենք, որ հայկական Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը Երեւանում հունիսի 6-ին ներկայացրել է ArmPhone սմարթֆոնների շարքը: Ընկերության գլխավոր տնօրեն Վահան Շաքարյանը լրագրողներին հայտնել է, որ հեռախոսներն ամբողջությամբ հայ մասնագետների մշակումն են: Որոշ բաղադրիչներ պատվիրում են արտերկրից, այնուհետեւ Հայաստանում հավաքում սմարթֆոնը:

Կախված մոդելից՝ հեռախոսներն արժեն 50-ից 150 հազար դրամ (100-ից 315 դոլար):