Կառավարությունն առաջարկում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել, որով դրամաշնորհների միջոցով իրականացվող ծրագրերը կազատվեն հարկից, եթե կարժանանան Կառավարության մասնագիտական հանձնաժողովի հավանությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով օրինագիծը։
«Այս օրենքում անհրաժեշտ է նման փոփոխություն անել, քանի որ մի շարք ոլորտներում, որտեղ միջազգային դոնոր կազմակերպությունները պատրաստվում են դրամաշնորհներ տալ, այդ մատուցվող ծառայությունները եւ ապրանքները հարկվում են ԱԱՀ-ով, ինչը խոչընդոտ է հանդիսանում, որովհետեւ լրացուցիչ 20 տոկոս հավելյալ բեռնվածություն պետք է ունենա»,- ասաց նախարարը։
Նշենք, որ նիստերի դահլիճը կիսադատարկ է։ Զեկուցողներին հարցեր հիմնականում տալիս է ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը։
«Շոուական մասն արդեն ավարտվել է, մտել ենք աշխատանքային մաս»,- նշեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:





























