Հայաստանի նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր` հունիսի 17-ին, «Համախմբում» կուսաացության համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշում է ընդունել անդամակցել «Համախմբում» կուսակցությանը:
«Այն թիմը, որն այս կուսակցությունում է, իմ խորին համոզմամբ ունի եւ ինտելեկտ, եւ ազնվություն եւ նպաստելու է մեր երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները լուծմանը»,-ասաց նա:
Հարցին` արդյոք կուսակցությունը պայքարելո՞ւ է երկրում իշխանափոխություն իրականացնելու համար, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ ինքը չի ցանկանում կուսակցության անունից որեւէ հայտարարություն անել. «Վստահ եմ, որ կուսակցությունը, որը գնում է խնդիրներ լուծելու, ոչ թե իշխանափոխության պահանջ պետք է ներկայացնի, այլ համակարգի փոփոխության պահանջ: Իշխանափոխությունը ոչ թե այսպիսի խոսակցություններով է արվում, այլ ամեն օր կոնկրետ խնդիրների լուծման վերաբերյալ որոշումներ փոխելով»,-ասաց նա:
Հարցին, արդյոք պատրա՞ստ է միանալ մի կուսակցության, որի հետեւում, ըստ տարածված տեղեկությունների, կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, որի օրոք Հայաստանում խախտվել են մարդու իրավուքնները, Կարեն Անդրեասյանը արձագանքեց, որ Հայաստանի բոլոր նախագահների ժամանակ էլ խախտվել են մարդու իրավունքները:





























