Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր՝ հունիսի 17-ին, եւս մեկ անձ է ձերբակալվել։
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ ձերբակալվածը Յուրի Հ.-ն է:
Հիշեցնենք, որ 2016թ․ հունիսի 4-ին, ժամը 23։00-ի սահմաններում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 58-ամյա Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Գործով 3 մեղադրյալները՝ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը կալանավորված են:
Ի դեպ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը նաեւ մեկ այլ գործով է հայտնի: Մասնավորապես, 6 տարի առաջ, 2010 թվականի մայիսի 31-ի կեսգիշերին մոտ նա Երեւանի Մխիթար Հերացու փողոցում վրաերթի էր ենթարկել 18-20 տարեկան երկու աղջիկների եւ դիմել փախուստի: Աղջիկները մահացել են:
Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն երեք տարի անց համաներումով ազատ է արձակվել:





























