2015-ին «Արարատբանկ» ԲԲԸ զուտ շահույթը կազմել է 941.7 մլն դրամ։ Այս մասին հունիսի 16-ին՝  բանկի բաժնետերերի ամենամյա ժողովին 2015–ի գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս, ասաց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը։ Ընդ որում, սեփական կապիտալի նկատմամբ շահութաբերությունը (RoE)  կազմել է 4.29 տոկոս, իսկ ակտիվների շահութաբերությունը (RoA)՝ 0.72 տոկոս։ Զուտ շահույթի մարժան կազմել է 14.87 տոկոս։

Այս ցուցանիշներն ավելի ցածր են եղել, քան 2014–ին ՝ հաշվի առնելով մակրոտնտեսական դժվարությունները (ԱՄՆ դոլարի նկատմամաբ հայկական դրամի տատանում եւ ռուբլու փոխարժեքի անկայունություն)։ Այսպես՝ 2014–ին RoE–ն եւ RoA–ն կազմել են համապատասխանաբար 13.57 տոկոս եւ 2.24 տոկոս։ Այդուհանդերձ, բանկը շարունակում է ֆինանսապես կայուն եւ հուսալի մնալ, նշել է Հարությունյանը։

2015–ին բանկը դիվիդենդներ չի վճարել 2014–ի շահույթից (կազմել է մոտ 2.74 մլրդ դրամ)։ 600 մլն դրամ ուղղվել է բանկի պահուստային ֆոնդի համալրմանը, իսկ մնացած մասը՝ որպես չբաշխված շահույթ, մնացել է բանկում՝ նպաստելով կապիտալի աճին։

Հիշեցնենք, որ «Արարատբանկ» ԲԲԸ բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ–ն (64.24  տոկոս, նավթամթերքի խոշորագույն ներկրողներից), ՎԶԵԲ–ը (25 տոկոս) եւ Rural Impulse Fund II SA  ընկերությունը (10 տոկոս), որի  կառավարող ընկերությունը Բելգիայում տեղակայված Incofin Investment Management–ն է։