2015–ին «Արարատբանկ» ԲԲԸ–ն իր վարկային պորտֆելը մեծացրել է 0.1 տոկոսով՝ հասցնելով այն մինչեւ 66.1 մլրդ դրամի։   Այս մասին հունիսի 16-ին՝  բանկի բաժնետերերի ամենամյա ժողովին 2015–ի գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս, ասաց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը։

Վարկային պորտֆելի նկատելի աճի բացակայությունը պայմանավորված է մակրոտնտեսական անկայունությամբ, որի պատճառով բանկերը ստիպված են եղել ավելի պահպանողական վարկային քաղաքականություն վարել։

Դա պայմանավորված էր մասամբ հանրապետությունում մանրածախ առեւտրի շրջանառության 8 տոկոսով կամ 198 մլրդ դրամով կրճատմամբ եւ արտասահմանից հանրապետության բանկերով ոչ առեւտրային տրանսֆերտների՝ մոտ 30-տոկոսանոց կրճատմամբ։

Սպառողական շուկայի համար նման դժվարությունների առկայության պարագայում 2015-ին «Արարատբանկ»–ը մեծացրել է ֆիզիկական անձանց վարկերի պորտֆելը 6.7 տոկոսով՝ հասցնելով մինչեւ 19.48 մլրդ դրամ։ Մասնավոր ձեռներեցների վարկերը կրճատվել են 21.5 տոկոսով եւ կազմել 3.39 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանց վարկային պորտֆելն աճել է 3.9 տոկոսով եւ կազմել 38.83 մլրդ դրամ։

Նշենք, որ 207–ից բանկի վարկային պորտֆելը մեծացել է մի քանի անգամ։ Եթե 2007-ի վերջին այն կազմում էր 9.17 մլրդ դրամ, ապա 2015-ի վերջին՝ մոտ 66.1 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ «Արարատբանկ» ԲԲԸ բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ–ն (64.24  տոկոս, նավթամթերքի խոշորագույն ներկրողներից), ՎԶԵԲ–ը (25 տոկոս) եւ Rural Impulse Fund II SA  ընկերությունը (10 տոկոս), որի  կառավարող ընկերությունը Բելգիայում տեղակայված Incofin Investment Management–ն է