«Համախմբում» կուսակցության աշխատելաոճը հիմնված է լինելու 4 հիմնասյուների վրա` արմատական բարեփոխումների իրականացում, ազատ, ընդլայնված տնտեսական քաղաքականության ձեւավորում, անվտանգության հարցերի վերագնահատում, արտաքին քաղաքականության գաղափարախոսության ձեւավորում: Այս ամսին այսօր` հունիսի 17-ին, «Համախմբում» կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:

«Մեր կուսակցության աշխատելաոճը պետք է 4 հիմնասյուների վրա  հիմնված լինի: Մենք այսօր կիսաավտորիտար երկրում ենք ապրում, մեզ անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ: Մեր կուսակցությունը խնդիր է դնելու բոլոր տեսակի ինդեքսներում առաջխաղացում ապահովել»,-ասաց նա:

Վարդան Օսկանյանը նաեւ նշեց, որ Հայաստանին հարկավոր է ազատ, ընդլայնված տնտեսական քաղաքականություն.«Մեր երկիրը ներքաշվել է աղքատության թակարդի մեջ, անհրաժեշտ է բարձր տեմպերով տնտեսական աճ ապահովել, սակայն, աղքատության այսպիսի պայմաններում դա հնարվոր չէ: Մենք աշխատելու ենք տնտեսական աճի բարձրացման ուղղությամբ»:

Բացի այդ, Վարդան Օսկանյանը նշեց, որ քառօրյա պատերազմը ապացուց, որ երկրի անվտանգության ապահովման ոլորտում կան թերացումներ, որոնք պետք է շտկել. « Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը երկար է շարունակվելու եւ անհրաժեշտ է ավելի ապահով անվտանգության համակարգ ձեւավորել, բանակը երկրի բյուջեի համար բեռ չպետք է լինի, պետք է ամեն ինչ անենք, որ բանակը լինի մեր տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների զարգացման ճյուղերից մեկը»:

Նա նաեւ նշեց, որ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումն ու այդ իրավունքի միջազգային ճանաչումը ՀՀ անվտանգության ապահովման համար անկյունաքարային են, եւ բոլոր հարթություններում անհրաժեշտ է հետամուտ լինել  այդ հարցի դրական լուծման համար: