Այսօր՝ հունիսի 17-ի առավոտյան ռազմական ոստիկանության աշխատակիցներն այցելել են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյան բնակարան եւ փորձել են բերման ենթարկել նրան: Այս մասին հայտնել է ArmLur.am-ը՝ նշելով, որ դա կապված է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի` Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու հետ:
Նշվել է, որ Քնար Մանուկյանն այս գործով որեւէ կարգավիճակ չունի: Կայքը հրապարակել է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության գրությունը, որտեղ «առաջարկվում է» Քնար Մանուկյանին հունիսի 15-ին, ժամը 10-ին անձը հաստատող փաստաթղով ներկայանալ քննիչ Խաչիկյանի մոտ՝ տվյալ քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար:
Մինչ այդ լրագրողի բնակարան է ժամանում ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը: ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, ՊԻ պաշտպանը որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին: Անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախազին:
Ի վերջո, լրագրողը բերման չի ենթարկվել:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» թերթը գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը մամուլի ասուլիս է հրավիրել եւ նշել, որ նախ լրագրողին ուղարկված ծանուցագրում նշված չի եղել, թե նա ինչ կարգավիճակով է հրավիրվում. «Մեր լրագրողին չէին կարող բերման ենթարկել, քանի որ նշված չէր կարգավիճակը. նա ոչ վկա է, ոչ տուժող: Երկրորդ, ռազմական ոստիկանության աշխատակիցները իրավունք չունեն քաղաքացիական անձին բերման ենթարկվելու համար ներխուժեն նրա բնակարան: Սա ապօրինություն է»:
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով այս միջադեպին, նշել է. «armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին»։





























