Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ նրան ուղեկցող` կրթության ոլորտի պատասխանատու անձանց:

Ողջույնի խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հեռանկարներն ու կրթության ոլորտի հիմնախնդիրներն Արցախում քննարկելու` իրենց առաջարկն ընդունելու համար:

Կարեւորելով կրթության դերը երկրի զարգացման գործում` վարչապետը ներկայացրել է Արցախում իրականացվող կրթական ծրագրերը եւ նշել. «Եթե մեզ հաջողվի զարգացում ապահովել կրթության ոլորտում, ունենալու ենք ծաղկող երկիր, այլ դեպքում` կմնանք նույն մակարդակին»:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումն ընդգծելով` Ա. Հարությունյանը մեծ հեռանկարներ է կապում նոր բուհի հետ` հանրապետության կարեւորագույն ոլորտների համար որակյալ կադրեր թողարկելու տեսանկյունից: Այս հարցում կառավարության ղեկավարը ակնկալում է հայաստանյան գործընկերների աջակցությունը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ պատրաստ են աջակցելու Արցախում իրականացվող կրթության զարգացմանն ուղղված միջոցառումներին: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի հիմնախնդիրները` Լ. Մկրտչյանը նշել է, որ պատրաստվում են լուրջ բարեփոխումներ իրականացնել ոլորտում` կրթական համակարգի ձեւի ու բովանդակության համապատասխանեցման ուղղությամբ: