Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, այսօր` հունիսի 17-ին, մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանը Արարատի մարզի Մրգավան գյուղից է, սակայն ապրում է Արտաշատ քաղաքում: NEWS.am-ի հետ զրույցում Արարատի մարզի Մրգավան գյուղի գյուղապետ Արմեն Հարությունյանը նշեց, որ Գրիգորյանների ընտանիքն արդեն մի քանի տարի է վարձով է բնակվում Արտաշատում, Հրանտի հայրը Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:
«Հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի է, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում, վարձով են ապրում Արտաշատում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր: Մորն ու հորը դեռ չեն տեղեկացրել որդու մահվան մասին, չգիտենք` ոնց են ասելու»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:





























