ԱԺ ՀԱԿ խմբակցության Հրանտ Բագրատյանը որեւէ ակնկալիք չունի Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայանալիք՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից:
«Հավաքվում են Ալիեւը, Սարգսյանը, Պուտինը, ոչ մեկ լիազորված չէ տնօրինել Ղարաբաղի ժողովրդի հողերի հարցը, ոնց կարող է նման հարցը լուծում ունենանք: Էդ առումով Սանկտ Պետերբուրգում համ լավ բան չեմ սպասում, համ էլ ոչինչ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդի փոխարեն որոշելու իրավունք ոչ ոք չունի: Բագրատյանը նշեց, որ եթե 2013թ. ինքը դառնար նախագահ, ապա կհրաժարվեր Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններից. «Եթե 2013թ. ձայների նախապատվությունը տայիք ոչ թե Սերժ Սարգսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ Հրանտ Բագրատյանը դառնար նախագահ, նախ էս Սահմանադրությունը չէինք ունենա, իսկ երկրորդ, ես կհրաժարվեի Ղարաբաղի բանակցություններից, քանի որ մենք իրավունք չունենք իրենց տեղը որոշենք: Նա, ում այդ հարցը վերաբերվում է, այնտեղ հրավիրված չի»:





























