Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում,  այսօր` հունիսի 17-ին, մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանը մահացել է իր ինքնաձիգից բերանի շրջանում արձակված կրակոցից:

Այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Հունիսի 17-ին ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Նախնական տվյալներով՝ զինծառայող Հրանտ Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ,  հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գրիգորյանը:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: