Նախկինում, եթե սխալներ եղել են` չի նշանակում, որ հավերժ կրկնվելու են: Այս մասին այսօր` հունիսի 17-ին, «Համախմբում» կուսակցության համագումարից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը` անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե նորաբաց կուսակցությունը խոսում է ԶԼՄ-երի ազատության մասին, այն դեպքում, երբ «Ա1 պլյուս» հեռուստաընկերությունը փակվել է հենց իր օրոք:
«Նախկինում, եթե սխալներ եղել են` չի նշանակում, որ հավերժ, 100 տարի էլ կրկնելու ենք, գիտեք, խոսքը նրա մասին է, թե ուզում եք այս երկիրն առաջ գնա, կամ տեղում դոփի, ուրեմն ինչ-որ նախկինում վատ է եղել, ուրեմն, արդարացվում է»,-ասաց նա:
Վարդան Օսկանյանը անդրադառնալով ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորությանը, նշեց` «Հավատը միշտ վերջում է կորչում,մենք ամեն ինչի էլ պատրաստ ենք, նաեւ հետընտրական պայքարի դուրս գալու»:
Վարդան Օսկանյանը նշեց, որ «Համախմբում» կուսակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ առնչություն չունի: Իսկ այն խոսակցությունները, թե Սամվել Բաբայանը հատուկ եկել է կուսակցությանն անդամակցելու` նշեց, որ տեղյակ չէ եւ Բաբայանի հետ չի խոսել:





























