Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Խաչատրյանը սպանության օրը իր տանն է եղել: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաննեի ընդհանուր իրավասության դատարանում Նարեկ Խաչատրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարությամբ է հանդես եկել եւ միջնորդել որոշակի ապացույցներ հետազոտել, որով հիմնավորվում է, որ Նարեկ Խաչատրյանը Սեդրակ Զատիկյանի սպանության օրն ու դրան հաջորդող ժամանակաշրջանում Արամուսում չի եղել, այլ իր տանը.
«Մեր ներկայացրած ապացույցներով հիմնավորվում է, որ այդ օրը Նարեկն եղել է իր տանը, կամ իր փեսայի տանը: Այն պնդումները, որ Նարեկ Խաչատրյանը Սեդրակ Զատիկյանի հետ թշնամական հարաբերությունների մեջ է եղել անհիմն են` դրանք ապացուցող ոչ մի ապացույց եւ փաստաթուղթ չկա: Ասվում է, որ Նարեկն ու Սեդրակ Զատիկյանը թշնամական հարաբերություններ են ունեցել, ըդհուպ, կա տվյալ, որ իբր Նարեկ Խաչատրյանի վրա կրակել են Սեդրակ Զատիկյանի մարդիկ: Բայց այդպիսի բան չկա` ոչ քրեկաան գործ է հարուցված, ոչ էլ բժշկական փաստաթուղթ կա այդ միջադեպն ապացուցող»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա կալանավորված է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով: Նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:
Գործով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Ստեփան Հակոբյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին է, որն ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրել է Արսեն Առուշանյանին, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Արսեն Առուշանյանը Նարեկ Խաչատրյանի գործով վկայի կարգավիճակում է, եւ կալանավայրում արտագնա նիստում կհարցաքննվի։





























