Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը՝ քաղաքական ուժերի, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Օրակարգի առաջին հարցով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն–հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները եւ դրա հիման վրա մշակված առաջարկությունները: Զեկուցողի խոսքով՝ վերլուծությունը հիմնված է շուրջ երկու տասնյակ երկրների միջազգային փորձի եւ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային եւ ներպետական իրավական փաստաթղթերի ուսումնասիրության վրա՝ մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացնելով հետեւյալ հարցադրումների վրա. ինչպե՞ս է մեկնաբանվում եւ կիրառվում ՄԱԿ-ի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 20-րդ հոդվածն արտասահմանյան երկրներում, ինչպե՞ս է քրեականացվել ապօրինի հարստացումն արտասահմանյան երկրներում, ի՞նչ ինստիտուցիոնալ միջոցառումներ են կիրառվել այդ նպատակով, ինչպիսի՞ պատժամիջոցներ են նախատեսվել, եւ ինչպիսի՞ լուծումներ կարող են կիրառվել մեր օրենսդրությունում, այդ թվում՝ նոր Քրեական օրենսգրքի նախագծում` ապօրինի հարստացման հանցակազմը կատարելագործելու նպատակով։ Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Կարեւորելով այս խնդիրը՝ ես ուզում եմ հիշեցնել մեր գործընկերներին, որ կառավարությունն այն ներառել է 2015-2018 թթ. Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունում եւ առաջարկում եմ հանձնարարել արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում հասարակական հատվածի մեր գործընկերների, բոլոր շահագրգիռ մարմինների հետ ձեւավորել օրենսդրական փաթեթ, քննարկել, նախապատրաստել եւ ուղարկել Ազգային ժողով»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից իրականացվող կանխիկ գործարքների ինստիտուտի կիրառման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները: ՀՀ ԿԲ փոխնախագահը նշել է, որ առաջարկությունները մշակվել են միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, եւ երկրների կողմից նշված սահմանափակումները հիմնականում կիրառվում են հետեւյալ նպատակներով՝ ստվերային տնտեսության դեմ պայքար եւ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար եւ անկանխիկ վճարումների մշակույթի ձեւավորում: Վարչապետը կարեւորել է նշված հարցի կարգավորումը եւ առաջարկել հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել մշակված առաջարկությունները:

Զեկուցումով է հանդես եկել նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները: Նա, մասնավորապես, նշել է, որ գործող համակարգի արդյունավետության գնահատումն իրականացվել է հետեւյալ հարցադրումների հիման վրա՝ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շրջանակ, հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակ, հայտարարագրերի տեսակներ, հայտարարագրերում զետեղված տեղեկատվության արժանահավատության ստուգման մեխանիզմների առկայություն եւ հայտարարագրերի ռեժիմի կիրարկումն ապահովող սանկցիաների համակարգ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել հայտարարագրման նոր մեխանիզմների եւ նոր թիրախային խմբերի ներգրավման վերաբերյալ առաջարկություններ եւ քննարկել դրանք հասարակական կազմակերպությունների հետ:

Հաջորդիվ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2015 թ. սեպտեմբերի 25-ի 1141-Ն որոշման 4-րդ կետով սահմանված հանրապետական գործադիր մարմինների տարեկան հաշվետվությունների գնահատման եւ մոնիթորինգի մեթոդաբանության վերանայման հարցը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվել է դոնոր կազմակերպության՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ եւ առաջարկվել է նշված հաշվետվությունների գնահատման եւ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակել եւ ներդնել նոր միասնական մեթոդաբանություն, ինչպես նաեւ հաշվետվությունները դարձնել հրապարակային: Վարչապետը կարեւորել է պետական կառավարման մարմինների գործունեության տարեկան հաշվետվությունների գնահատման մեթոդաբանության եւ մոնիթորինգի միասնական մեխանիզմի մշակումը եւ հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Մեկ այլ հարցով Դավիթ Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ կառավարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ 2016 թ. փետրվարի 5-ին «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակում փորձագիտական հանձնախմբի ստեղծման նպատակով հայտեր ներկայացրած միջազգային փորձագետների վերաբերյալ: Նշվել է, որ հայտ է ներկայացրել 9 թեկնածու, որից 6-ը՝ ՀՀ քաղաքացի, 3-ը՝ օտարերկրյա, եւ նախնական ուսումնասիրության համաձայն՝ սահմանված չափանիշներին համապատասխանում են օտարերկրյա երեք քաղաքացիները: Հաջորդ քայլով անհրաժեշտ է կազմակերպել հայտերի գնահատման գործընթաց՝ ըստ ներկայացված փաստաթղթերի եւ սահմանված չափանիշներին համապատասխանող երեք փորձագետներից ընտրել երկուսին: Խորհուրդը հաստատել է նաեւ ընտրվելիք միջազգային երկու փորձագետների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը: