«Արարատբանկ» ԲԲԸ-ն կանոնադրական կապիտալը կավելացնի 8.5 մլրդ դրամով: Այս մասին հունիսի 17-ին՝ բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում բանկի 2015 թվականի գործունեության մասին հաշվետվությունը ներկայացնելիս, լրագրողներին հայտարարեց բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:
Այն ուժի մեջ կմտնի հուլիսի 20-ից, ինչի արդյունքում բանկը կհամապատասխանի նվազագույն կանոնադրական կապիտալի մասին Կենտրոնական բանկի նոր պահանջներին՝ 2017 թվականի սկսած՝ 30 մլրդ դրամ (այժմյան փոխարժեքով՝ շուրջ 63 մլն դոլար - խմբ.): Անհրաժեշտ գումարը կներդնեն բանկի բաժնետերերը:
«Դա բանկին թույլ կտա շտկել IPO-ի հասնելու ռազմավարությունը: Նման ծրագրեր մենք միշտ ենք ունեցել, եւ հիմա ավելի ենք մոտենում դրանց»,- հավելեց Օսիպյանը:
Հիշեցնենք, որ «Արարատբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն (64.24%, նավթամթերքի խոշորագույն ներկրողներից), ՎԶԵԲ-ը (25%) եւ Rural Impulse Fund II SA ընկերությունը (10%), որի կառավարող ընկերությունը Բելգիայում տեղակայված Incofin Investment Management-ն է։





























