Հայաստանում զարգացնում են հին անվադողերից ստացվող փոշի ածխածնից վառելիքի արտադրությունը: Am-Eska հայկական ընկերության փոխտնօրեն Դավիթ Քարամյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ընկերությունը վերջերս պայմանավորվել է Հայաստանի հարավում գտնվող լեռնահումքային մի կոմբինատից մաշված անվադողեր ընդունելու:  

Քարամյանի խոսքով, ստացվող վառելիքի ջերմունակությունն ավելի բարձր է, քան դիզելայինինը եւ հասնում է մինչեւ 11 հազար կկալ/կգ-ի: Այն կարելի է օգտագործել որպես արդյունաբերական վառելիք` վառարանների, ջերմոցների եւ այլնի համար, այդ թվում` մազութի հետ միասին: Իսկ Ղարաբաղում ապրիլյան իրադարձություններից հետո ընկերությունը վառելիքի խմբաքանակ է մատակարարել նաեւ բանակին: 

Անվադողերը սկսում են քայքայվել միայն 300-400 տարի անց, իսկ դրանց ծուխը քաղցկեղածին է: Հայաստանում արգելված է այրել դրանք, իսկ անվադողերը դասակարգվում են որպես 4-րդ աստիճանի վտանգավորության թափոններ: Բացի այդ, անխնամ թողնվելով` դրանք կրծողների բույն են դառնում: 

Ընկերությունը անվադողերը վերամշակում է որպես թելավոր մետաղաջարդոն, ինչպես նաեւ տեխնիկական փոշի ածխածին եւ վառելիք: Թափոն չի առաջանում:  

Փոշի ածխածնի սպառողը քիմիական արդյունաբերությունն է: Քանի որ Հայաստանում խոշոր քիմիական գործարաններ չկան, ընկերությունն իրացնում է ածխածնի միայն մի փոքրիկ մասը:, Իսկ մնացածը նախատեսում է արտահանել:  

Հայաստանում այն վերցնում են ռետինատեխնիկական արտադրանքների արտադրության, մեկուսիչ ռետինի արտադրության համար, բայց դրանք մանր արտադրություններ են,-հավելել է Քարամյանը: 

Անվադողերը հիմնականում հավաքվում են վուլկանացման համար  (աղբահորեր նետելն արգելված է): Բայց, ի տարբերություն արեւմտյան երկրների, սպառողները պարտավոր չեն հանձնել դրանք, իսկ ընդունման կետերը` դրանք հանձնել վերամշակման: 

«Մենք նման գաղափար ենք առաջարկել բնապահպանության նախարարությանը եւ գուցե մինչեւ տարեվերջ հնարավոր լինի դրական առաջընթաց նկատել», - հայտնել է Քարամյանը Երեւանում բարձր տեխնոլոգիաների DigiTech Business ֆորումին (կազմակերպիչը` Հայաստանի ՏՏ ընկերությունների միությունն է):

Նշենք, որ ընկերությունը ստեղծվել է 2013-ին եւ CleanTech ծրագրով զարգացման դրամաշնորհ է ստացել: