«Արարատբանկ»-ը Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներից է: Այս մասին հունիսի 17-ին՝ բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում բանկի 2015 թվականի գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ  Վախթանգ Աբրահամյանը:

Նա հիշեցրեց, որ 2007 թվականին «Արարատբանկ»-ն առաջինն էր Հայաստանում, որը կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր թողարկեց: Այդ ժամանակից ի վեր բանկը շարունակել է ակտիվ թողարկողներից մեկը մնալ, ինչը նրան թույլ է տվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել:

Իր հերթին Երեւանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչության ղեկավար Մարկ Դեւիսը հիշեցրեց, որ ՎԶԵԲ-ն «Արարատբանկ»-ի հետ համագործակցում է դեռեւս 2007 թվականից, երբ նրան վարկ տրամադրեց: 2008-ի համագործակցությունը շարունակվեց. ՎԶԵԲ-ը «Արարատբանկ»-ի կապիտալ մուտք գործեց՝ 25%+ 1 ակցիայով:

Հիշեցնենք, որ «Արարատբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն (64.24%, նավթամթերքի խոշորագույն ներկրողներից), ՎԶԵԲ-ը (25%) եւ Rural Impulse Fund II SA ընկերությունը (10%), որի կառավարող ընկերությունը Բելգիայում տեղակայված Incofin Investment Management-ն է։