Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով ամեն շաբաթ՝ երեքշաբթի եւ հիգշաբթի օրերին բողոքի ակիցաներ են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության շենքերի դիմաց: NEWS.am-ի հետ զրույցում Պուշկին 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանը նշեց, որ բնակիչները մի քանի անգամ հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի, վերջինը խոստացել աջակցել բնակիչներին խնդրի լուծման հարցում, սակայն, մինչեւ հիմա ոչինչ չի արվել:
Պուշկինի փողոցի նախկին բնակիչներն իրենց բնակարանների խնդրի լուծման պահանջով հունվարի 21-ին նաեւ նամակ էին ուղղել նախագահին, սակայն, այդպես էլ որեւէ պատասխան մինչեւ այժմ չեն ստացել:
«Էդպես էլ չիմացանք՝ էդ նամակը հասավ նախագահին, թե ոչ: Երեւի էլի կդիմենք գրավոր: Մենք չենք հանձնվելու, պայքարելու ենք հանուն մեր շահերի, ինչքան էլ որ մեզ արհամարհեն »,-ասաց Պուշկինի նախկին բնակիչը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուշկինի 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանն արդեն երկար տարիներ ստիպված է ընտանիքի 6 անդամների հետ ապրել կիսախարխուլ բնակարանում: Բնակարնն իր ընտանիքին է տվել Էդիկ Թախունց անունով մի գործարարը, որը 2004թ. իրենց հետ պայմանագիր է կնքել Պուշկին փողոցում գտնվող տունը քանդելու եւ դրա փոխարեն քաղաքի կենտրոնում նորակառույցում նոր բնակարան տալու վերաբերյալ: Ըստ պայմանագրի՝ Էդիկ Թախունցը պարտավորվել է ընտանիքին տրամարդել 2 տարվա բնակարանավարձ՝ մինչեւ նորակառույցի ավարտը, սակայն 4 ամիս վճարելուց հետո՝ դադարել է բնակարանավարձ տալ: Վալենտինա Հարությունյանն ու իր նման խաբված Պուշկինի շատ բնակիչներ, ստիպված են եղել բնակարանավարձը վճարել ինքնուրույն, մինչեւ որ Էդիկ Թախունցը Երեւանի Շենգավիթ համայնքում 9000 դոլարով գնված կիսակառույց տուն է տվել ընտանիքին: Տիկին Վալենտինան արդեն 12 տարի է Հայաստանի իշխանություններից պահանջում է իր խնդրին ուշադրություն դարձնել, պատժել իրեն ու իր նման խաբված շատ բնակիչների մեծ վնաս հասցրած գործարարին, սակայն մինչեւ այժմ նրա բողոքները ոչ մի արձագանքի չեն արժանացել:





























