Անմեղ մարդու դիմաց հանցագործների փոխանակում առաջարկելը ցինիզմի գագաթնակետ է: Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի Գերիների, պատանդների եւ անհետ կորած քաղաքացիների գործերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովի հայտարարությունները: Ադրբեջանցի պաշտոնյան ԱՊԱ-ին տված հարցազրույցում առաջարկ է հնչեցրել ԱՀ-ի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին եւ Շախբախ Գուլիեւին փոխանակել ԼՂՀ-ի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի դիմաց:
«Ադրբեջանական կողմի ներկայացուցչի հայտարարության մեջ ինչպես դրական, այնպես էլ բացասական պահեր կան: Դրական պահն այն է, որ այն միջնորդավորված, բայց ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Ինչ վերաբերում է հենց առաջարկին, այն կարելի է որպես սադրանք գնահատել: Ասկերովը եւ Գուլիեւը հանցագործներ են, որոնք ԼՂՀ-ի տարածքում անօրինական գործունեություն են իրականացրել: Նրանց հաշվին ահաբեկչություն եւ սպանություն կա: Նրանց նկատմամբ դատավարությունը թափանցիկ է ընթացել, դրան ներկա են եղել լրագրողներ եւ իրավապաշտպաններ տարբեր երկրներից: Երկուսի հանցանքն ապացուցված է, ներկայումս նրանք պատիժ են կրում», - նշել է Դավիթ Բաբայանը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Արսեն Բաղդասարյանի հարցը չի կարող շանտաժի առարկա դառնալ: «Ադրբեջանի իշխանությունները պետք է Արսեն Բաղդասարյանին ինքնաբերական եղանակով վերադարձնեն հայրենիք: Չէ որ մենք միշտ վերադարձնում ենք պատահաբար մեր կողմն անցած զինվորականներին եւ քաղաքացիական անձանց: Բաղդասարյանի նկատմամբ վերաբերմունքը մարդու իրավունքների եւ բարոյական արժեքների կոպտագույն խախտում է: Մանավանդ անմեղ մարդու դիմաց հանցագործների փոխանակում առաջարկելը ցինիզմի գագաթնակետ է», - ընդգծել է Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը, ինչպես նաեւ խմբի երրորդ` վերացված անդամ Հասան Հասանովը, զենք եւ սպառազինություն ունենալով, 2014-ի հունիսի 29-ին անօրինականորեն հատել են ԼՂՀ-ի սահմանը եւ անցել են հանրապետության Շահումյանի շրջանի տարածք հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով: Նրանք հուլիսի 4-ին զենքի կիրառությամբ առեւանգել են ԼՂՀ-ի անչափահաս քաղաքացի Սմբատ Ցաքանյանին, որի մարմինը հուլիսի 15-ին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով` Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների անտառային հատվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 32-րդ կմ-ում ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել է Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971 թ.), իսկ Կոտայքի շրջանի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ է հասցրել: Նա զինված դիմադրություն է ցույց տվել իր ձերբակալության գործողության ընթացքում եւ վնասազերծվել է: ԼՂՀ-ի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Գուլիեւը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել:
ԼՂՀ-ի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերի է ընկել 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: Ադրբեջանի իշխանությունների կողմից դատական գործի արդյունքում նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:




























