Ապրիլի 1-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Թալիշ գյուղում իրենց տանը ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված Խալափյանները բնակվել են գյուղի մեկուսի տարածքում, այդ պատճառով էլ ադրբեջանցիները հենց իրենց տուն են մտել: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը. «Ադրբեջանցիներն այնքան ռիսկ չունեն, որ խորանային գյուղի մեջ, Խալափյանները Հյունոտի կոչվող տարածքում են ապրում, գյուղից մի քիչ մեկուսացված տարածք է եւ գյուղի մեջ խորանալու անհրաժեշտություն չի եղել: Դրա համար էլ նրանց տունն են ընտրել, ռիսկ չեն արել մտնել գյուղի տներ»:
Մելիտա Խալափյանը նշեց, որ այն մեղադրանքները, թե Խալափյանների որդին իր տարեց ծնողիներին եւ տատիկին թողնելով տանն անօգնական` հեռացել են, անհիմն են.
«Ո՞նց կարելի է նման մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին, երբ թշնամին կրակել է գյուղի վրա, նա երկու մեծահասակի եւ վեց երեխայի իր «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով կարողացել են հանել գյուղից, որպեսզի հետ գա նաեւ տարեցներին տանի, պետք չէ ասել, որ անպաշտպան է թողել»,-ասաց նա:
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Թալիշում սպանված Խալափյանների հարազատները Չարենցավանում հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը վիրավորական արտահայտություն է թույլ տվել այն ժամանակ, երբ դաժանորեն խոշտանգված Խալափյանների որդին՝ Գագիկ Խալափյանը, դժգոհել է, որ շրջանի ղեկավարությունը պատերազմի այդ օրերին տարհանում չի իրականացրել։ Ի պատասխան՝ Վ․ Խաչատրյանն ասել է. «Դու թողել ես քո ծնողներին, փախել ես, մնայիր իրենց պաշտպանեիր, դու էլ հետը գնայիր»։ Սա խորապես վիրավորել է ծնողներին կորցրած Գագիկին, ով վեց երեխաներին ու կնոջը մեքենայով մի կերպ փախցրել է, հետո հետ է եկել, որ ծնողներին տանի, բայց արդեն ուշ է եղել։





























