Թալիշը պետք է միշտ լինի եւ հզորանա, դրա համար այն պետք է կրկին վերաբնակեցնենք: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը:
«Ինչքան տարածքը փոխենք, թշնամին ավելի է հզորանալու` տեսնելով մեր վախը առաջ է շարժվելու: Մենք չենք ուզում մեր վախն ու կասկածները ցուցադրել թշնամուն, Թալիշը պետք է միշտ լինի եւ հզորանա, դրա համար այն պետք է կրկին վերաբնակեցնենք: Թալիշը պայքարած գյուղ է, պետք է պահենք սահմանը եւ չզիջենք ոչ մի թիզ հող: Այն տարածքը, որտեղ թշնամին իրենց դրոշն է տնկում, մենք փոքր ժամանակ գնում կռիվ-կռիվ էինք խաղում, դրանք դիրքեր էին, որտեղ խրամատներ էին»,-ասաց նա:
Մելիտա Խալափյանը նաեւ նշեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջարկին` թալիշցիներին Արցախի Ալաշան, Քոլատակ գյուղերում բնակեցնելու վերաբերյալ, թալիշցիները դեռ չեն արձագանքել. «Քոլատակում թալիշցին ծառ է տնկելու, երեխա է ունենալու ու թալիշցի՞ մնալու` երբեք: Մեզ ասացին, որ արդեն ներքին հարդարման աշխատանքները ավարտված են, բայց մենք դեռ չգիտենք` ոչ կողմ ենք, ոչ դեմ: Արձագանք չի եղել դեռ, չենք կարող ասել ` ընդունվել է, թե մերժվել»:





























